ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ) ցամաքային արձակման կայանքների քանակով գերազանցել է ԱՄՆ-ին։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»-ը` հղում անելով ամերիկյան հրամանատարությանը:
«Չինաստանում ՄԲՀ-ների ցամաքային ստացիոնար և շարժական արձակման կայանքների թիվը գերազանցում է ԱՄՆ-ի այդպիսի կայանքների քանակին»,- ասված է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության (STRATCOM) նամակում (այս կառույցի վերահսկողության տակ են գտնվում երկրի միջուկային ուժերը):
Ըստ հոդվածի` այս հուշագիրը հունվարի 26-ին ուղարկվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով կոմիտեներին։ Ամերիկացի պաշտոնյաների և անկախ փորձագետների խոսքով` չինական ցամաքային արձակման կայանքներից շատերն առայժմ բաղկացած են դատարկ հորաններից։
Ռազմավարական հրամանատարությունը Կոնգրեսին տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ն ավելի շատ միջմայրցամաքային հեռահարության ցամաքային հրթիռներ և դրանց վրա տեղադրված ավելի շատ միջուկային մարտագլխիկներ ունի, քան Չինաստանը:
ԶԼՄ–ն նշում է, որ հրամանատարության ծանուցումը չի ներառում ստորջրյա տեղակայման հրթիռներն ու հեռահար ռմբակոծիչները, որտեղ ԱՄՆ-ն որոշիչ առավելություն ունի: