Բեռնատարների շարժը դեպի Նինոծմինդա-Բավրա անցակետ վերականգնվել է

Եղանակային բարդ պայմանների պատճառով Վրաստանի պետական գերատեսչությունները սահմանափակել էին երթևեկությունը դեպի անցակետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Վրաստանի իշխանությունները թույլ են տվել բեռնատարներին Ախալցխա-Նինոծմինդա ավտոմայրուղով շարժվել դեպի Հայաստանի հետ սահման։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եղանակային բարդ պայմանների պատճառով (ձյուն, բուք, վատ տեսանելիություն) Վրաստանի իշխանությունները Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող ավտոճանապարհներին սահմանափակել էին երթևեկությունը։
«Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112-րդ կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքներից հետո կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհը միջազգային նշանակություն ունի, այն տանում է դեպի հայ-վրացական սահմանի Նինոծմինդա-Բավրա անցակետ։