ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կոնգրեսում իր ամուսնու ելույթին է հրավիրել Ուկրաինայի դեսպանին, երգիչ Բոնոյին (U2 իռլանդական ռոք խմբի մենակատար) և ոստիկանության կողմից ծեծելով սպանված աֆրոամերիկացու ծնողներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սպիտակ տանը։
Պատվավոր հյուրերից յուրաքանչյուրը «մարմնավորում» է մի թեմա, որը ԱՄՆ նախագահը մտադիր է ներկայացնել «Միության վիճակի մասին» իր ամենամյա ուղերձում։
«ՌԴ չսադրված հարձակման մեկնարկից ի վեր շուրջ մեկ տարի անց, որպես մշտական աջակցություն Ուկրաինային, առաջին տիկինը կրկին հրավիրել է Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային հյուրի կարգավիճակում միանալու «Միության վիճակի մասին» ուղերձին», – հայտնել է Սպիտակ տունը։
Բոնոն հրավերի է արժանացել որպես ՄԻԱՎ–ի և աղքատության դեմ պայքարի մարտիկ։ Կապիտոլիում են հրավիրել նաև Փոլ Փելոսիին, ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակի ամուսնուն, ում անցած տարի մուրճով ծեծի էր ենթարկել իրենց տուն ներխուժած տղամարդը։ «Հարձակումը, ինչպես հայտնում են, քաղաքական բնույթ էր կրում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Առաջին տիկնոջ հյուրերի թվում են նաև Ռոու Բոնն ու Ռոդնի Ուելսը, 29-ամյա Թայր Նիկոլսի մայրն ու խորթ հայրը։ Նիկոլսն անցած ամիս ծեծելով սպանվել էր ոստիկանների կողմից։
Ջիլ Բայդենը հրավիրել է նաև քաղցկեղով հիվանդ երեք տարեկան աղջնակի ծնողներին, հաշմանդամ զինվորական ամուսնու մասին հոգ տանող երեք երեխաների մորը, նավահո հնդկական ցեղի ներկայացուցչին, «Օսվենցիմ» նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալին, թմրանյութերի չարաշահումից մահացած աղջկա հորը։ Նախագահին լսելու է նաև Կալիֆոռնիայում չինական Ամանորի տոնակատարության ժամանակ 11 մարդու սպանած հանցագործին զինաթափած Բրենդոն Ցայը։