ԱԺ նախագահը խորհուրդ է տալիս զորամասերի վաճառքի հարցը քննարկելիս հաշվի առնել որոշ փաստեր

Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում անդրադարձել է Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որ պաշտպանության նախարարության թվով 71 գույք հանվել է վաճառքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Պետք է հաշվի առնել, թե զորամասերն ինչ պայմաններով են վաճառվել, ում են վաճառվել, ինչ գնով են վաճառվել, հետո այդ գումարն ինչ է արվել։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` անդադառնալով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը։
«Հիմա մենք էլ կարող է` ինչ որ հին գույք ունենանք ու ուղարկենք գյուղ կամ վաճառենք, բայց այլ հարց է, որ զորամասը վաճառում ես ցածր գնով, հետո տանում ավելի թանկ գրավադրում ես։ Այս հարցի մասին պետք է ժամերով խոսենք, որ ամեն ինչ բացատրեմ»,– ասաց նա։
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին ներկայացրել էր 2022 թվականի ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ, ըստ որի պաշտպանության նախարարության թվով 71 պետական գույք կառավարման կոմիտեին է փոխանցվել, որպեսզի վաճառվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մանրամասներ ներկայացնելով, թե ովքեր են ցուցմունք տվել Սեյրան Օհանյանի դեմ, ասել էր, որ դրանց թվում է նաև Գրիգորի Խաչատուրովը։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
ԱԺ–ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը