Այս տարվա հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ

Արխիվային լուսանկար
2023 թվականին Հայաստան ժամանած տղամարդկանց թիվն աճել է՝ հասնելով 60%–ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այս տարվա հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ, հաղորդում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Սա ռեկորդային ցուցանիշ է, քանի որ 2022 թվականի հունվարին զբոսաշրջիկների թիվը կազմել է 94 339, իսկ 2021 թվականի հունվարին՝ 23 345։
Հատկանշական է, որ 2021 և 2022 թվականներին Հայաստան են այցելել գրեթե հավասար թվով կանայք և տղամարդիկ, իսկ 2023 թվականին` տղամարդկանց թիվն աճել է՝ հասնելով 60%–ի։
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 48%-ը 36-62 տարեկան են, 25%-ը՝ 25-36 տարեկան, 22%-ը՝ 17-28։ Այցելուների միայն 5%-ն է 64 տարեկանից բարձր:
2022 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը երկու անգամ ավելի է, քան 2021 թվականի զուցանիշը (816 հազար զբոսաշրջիկ)։
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ կոմիտեի առաջնահերթություններից է միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիության բարձրացումը։ Առաջիկայում այս կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում։