Այն, ինչ ընդդիմությունը լսեց պաշտպանության նախարարից, բացառիկ էր. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այսօրվա կառուցողական քննարկում է եղել ընդդիմության և Սուրեն Պապիկյանի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ԱԺ–ում փակ քննարկմանն ընդդիմությունը ծանոթացավ ԶՈւ այն ծրագրերին, որին ծանոթ չէր, ինչպես նաև շատ կարևոր տեղեկատվություն ստացավ, որն առողջ մտածելու տեղիք կտա։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած` զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և անելիքները թեմայով այսօր ԱԺ–ում փակ քննարկում անցկացվեց։ Նիստին ներկա էր նաև նախարար Պապիկյանը։
«Ամեն ինչ շատ համերաշխ էր։ Այն, ինչ լսեցին նրանք պաշտպանության նախարարից, բացառիկ էր։ Այսօրվա քննարկումը կառուցողական էր, և ես ակնկալում եմ, որ պաշտպանության հանձնաժողովում միասնական անցնելիք ճանապարհ ունենք»,–ասաց Քոչարյանը։
Նա հայտնեց, որ քննարկմանը Գեղարքունիքի մարզում բռնկված հրդեհի թեմային չեն անդրադարձել.
«Խնդրահարույց զորամասեր հիմա էլ ունենք, և ընդդիմությունն ընդունեց, որ միասին պետք է խնդիրները լուծենք»։
Ինչ վերաբերում է պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի գործունեությանը, ապա Քոչարյանը հայտնեց, որ առաջիկայում կհայտարարեն, թե ով կհրավիրվի հանձնաժողով։