ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է նախնական դատաքննության փուլում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը։
Փաստաբանը նշեց, որ գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է դատարան։ Նրա խոսքով՝ հերթական դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին։
2022 թվականի հոկտեմբերին Փիլոյանը մեկուսարանից ազատ էր արձակվել 36,5 հազար դոլար գրավի դիմաց։
Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Փիլոյանին պետք է զրկել Հայաստանի ազգային հերոսի կոչումից։
Նախկին նախարարը կալանավորվել է մարտի 31-ին, ձերբակալման պահին նա զբաղեցնում էր նախարարի պաշտոնը։ Սա հանրապետության պատմության ընթացքում գործող նախարարի ձերբակալության առաջին դեպքն է։
Քննության վարկածով՝ Փիլոյանն իր օգնականի աջակցությամբ խոշոր կաշառք է ստացել նախարարության հետ համագործակցող ընկերությունից։ Փիլոյանի օգնականի աշխատասենյակում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք-զինամթերք։
Նշենք, որ Ազգային հերոսի կոչումը Փիլոյանը ստացել է 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ։ Պատերազմից հետո նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։