ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող էր ուժեղացնել Հայաստանի հավաքականը: Sport24-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի խաղացող Արաս Օզբիլիսը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը կարող է մարզական քաղաքացիությունը փոխարինել հայկականով։
«Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է։ Իհարկե, նա կօգներ Հայաստանի հավաքականին։ Բայց ամենակարևորն այն է, որ մեր ազգային թիմում պետք է խաղան նրանք, ովքեր իսկապես ուզում են դա»,-ասել է Օզբիլիսը։
Նա գնահատել է նաև Զախարյանի` «Չելսի» տեղափոխվելու հնարավորությունը. թիմը հետաքրքրված էր ֆուտբոլիստով։
««Չելսի՞»։ Տա Աստված, որ ստացվի։ Բայց կարծում եմ` դժվար կլինի»,– նշել է Օզբիլիսը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին «Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից», բայց տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրագործելն իրատեսական չէ։
Լրատվամիջոցները գրում էին նաև, որ Զախարյանն այդ գործարքն իրականացնելու համար ստիպված է լինելու փոխել քաղաքացիությունը։ Նշվում էր, որ դեկտեմբերին երիտասարդ ֆուտբոլիստն իբր Երևան է ժամանելու Հայաստանի քաղաքացիություն ևանալու համար։ Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին Զախարյանի գործակալ Պավել Անդրեեւը պատմել էր, որ «Չելսի» հնարավոր տեղափոխության դեպքում ֆուտբոլիստը ստիպված չի լինի փոխել քաղաքացիությունը: