ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Վրաստանը պահպանում է այն բոլոր պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն սահմանել է Ռուսաստանի դեմ տրանսպորտի և ավիացիայի ոլորտում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Նա նշել է, որ Թբիլիսին մշտական երկխոսության մեջ է արևմտյան գործընկերների, ինչպես նաև ավիացիոն ոլորտը կարգավորող հիմնական գերատեսչությունների հետ:
«Ավիացիայի ոլորտում վարչարարությունը լիովին համապատասխանում է գոյություն ունեցող միջազգային պահանջներին և նորմերին։ Մենք հստակ հետևում ենք այդ սկզբունքներին։ Մենք դա ցույց ենք տվել ոչ միայն ավիացիայի ոլորտում։ Չնայած մեծ խառնաշփոթին, մենք լիովին աջակցում և մասնակցում ենք հիմնական պատժամիջոցների իրականացմանը, որոնք գոյություն ունեն տրանսպորտի ոլորտում` տարբեր ուղղություններով»,- հայտարարել է Վրաստանի փոխվարչապետը։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն Վրաստանին սպառնացել էր, որ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու դեպքում հետևանքներ կլինեն: Դիվանագետն ընդգծել էր, որ Բրյուսելը կարող է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել այն պետությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։