ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ երկրի իրավասու գերատեսչություններին հրահանգել է ընդունել ՌԴ փրկարարների օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման գործում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Էրդողանին երկրաշարժի հետևանքների վերացման հարցում անհապաղ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
«Թուրքիայի նախագահը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին նման օպերատիվ և անկեղծ արձագանքի համար և ասել, որ երկրի իրավասու գերատեսչություններին հրահանգել է ընդունել ՌԴ փրկարարների օգնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 1498 մարդ, տուժել` ավելի քան 8,5 հազարը։