ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի 6 շրջաններում, ցնցումներ են գրանցվել նաև հարևան Սիրիայում, բազմաթիվ քաղաքներում կան ավերածություններ ու զոհեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ղահրամանմարաշ-Պազարչիկ կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել 04.17-ին (Երևանի ժամանակով 05.17), ինտենսիվորեն զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլըուրֆայում», - ասված Է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության հայտարարության մեջ:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով ՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 01.17-ին (Երևանի ժամանակով 05.17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Շանլըուրֆա քաղաքում, տեղի քաղաքապետի խոսքով, փլուզվել է 16 շենք, զոհվել է 15 մարդ։ Օսմանիե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, զոհվել է 5 մարդ, իսկ Մալաթիայում ՝ 130 շենք, հայտնաբերվել են երեք զոհերի մարմիններ:
Փլուզումներ են տեղի ունեցել նաև Ղահրամանմարաշում, Ադըյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով:
Ուժեղ ավերածություններ են նկատվում նաև հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Համայի Ալ Արբաին թաղամասում մասամբ փլուզվել են մի քանի շենքեր։
Ուժեղ երկրաշարժ Սիրիայում. Իդլիբ
© AFP 2024 / AAREF WATAD
Սիրիայում հաղորդվում է 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։
Թուրքական իշխանություններն ավելի ուշ հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։