ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել են նաև հայկական եկեղեցիներ։ Sputnik Արմենիային Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հայտնեց` Իսքենդերունի շրջանում Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին է վնասվել։
«Պատրիարքարանը վարչական խորհուրդների միջոցով է փորձում ամեն ինչ իմանալ։ Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ինչպես նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցիների վիճակը հարաբերականորեն նորմալ է։ Տեղի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից նույնպես լուրերը մտահոգիչ չեն»,–ասաց Գոչունյանը։
Նրա խոսքով` տեղի ազգային այլ փոքրամասնությունների սրբատեղիներն էլ են վնասներ կրել։ Մասնավորապես, Իսքենդերունում լատին կաթոլիկ եկեղեցին հիմնահատակ ավերվել է, նաև հույների եկեղեցին է լրջորեն վնասվներ կրել։
Գոչունյանը նշեց, որ տեղի հայ հոգևորականների շրջանում տուժածներ չկան։
Հիշեցնենք` Գոչունյանը հայտնել էր նաև, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղաբնակ հայ ամուսիններ են զոհվել։