ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի ժամանակով ժամը 14.24-ին Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնում են սեյսմոլոգները։
6,3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են տեղի ունեցել Էլբիստանում՝ Քահրամանմարաշից երեք կիլոմետր հեռավորության վրա։
Երրորդ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի Քահրամանմարաշում Երևանի ժամանակով ժամը 14:36-ին։ Ուժգնությունը` 5,9 մագնիտուդ։
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նոր երկրաշարժի հետևանքով շենքերից մեկի փլուզման պահը երևացել է հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 900 զոհի ու 5385 տուժածի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։