Թուրքիայում երկրաշարժից հետո շուրջ 78 ստորգետնյա ցնցում է գրանցվել. ՄԱԿ

ՄԱԿ–ի կենտրոնակայան
ՄԱԿ-ը հետևում է իրադրությանը` հեռահաղորդակցության աշխատանքի խափանումների պատճառով տեղեկատվության հոսքի սահմանափակումների պայմաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Թուրքիայում մոտ 78 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի և 7,5 մագնիտուդ ուժգնության երկրորդ երկրաշարժի միջև ընկած ժամանակահատվածում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հրապարակած տեղեկագրում։
«Հաղորդվել է առնվազն 78 ստորգետնյա ցնցման մասին, որին ժամը 13:24-ին հաջորդել է 7,5 մագնիտուդով ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը,էպիկենտրոնը` Էկինոզու/Ղահրամանմարաշ նահանգում։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Գազիանթեփում և հարևան նահանգներում»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ ՄԱԿ-ը և գործընկերները հետևում են իրավիճակին` հեռահաղորդակցության աշխատանքի խափանումների և էլեկտրաէներգիայի պակասի պատճառով տեղեկատվական հոսքի սահմանափակումների պայմաններում:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 1541, տուժել` 97335 մարդ։
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք 538 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։