Թուրքիայում երկրաշարժի պատճառով փլուզվել է Գազիանթեփի պատմական ամրոցը

Թուրքիայում երկրաշարժի պատճառով փլուզվել է Գազիանթեփի պատմական ամրոցը
Կիլիկյան Հայաստանի ժամանակ այնտեղ է եղել հայոց կաթողիկոսի նստավայրը (ընդհուպ մինչև XIII դարի վերջ)։
Sputnik
Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով ավերվել է Գազիանթեփի պատմական ամրոցը։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները։
Գազիանթեփը ՅՈՒՆԵՍԿՕ–ի «ստեղծագործ քաղաքների» ցանկում է։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։ Բացի այդ հայտնել էինք նաև Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին, որոնք խլել են 237 մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Գազիանթեփը Թուրքիայի հարավում գտնվող մեծությամբ 6-րդ քաղաքն է, որն ունի 1.5 մլն բնակչություն։ Այն Այնթափ անունը կրող հայկական քաղաք է եղել, բնակեցված է եղել բացառապես հայերով։ Հետագայում Թուրքիայի իշխանությունները քաղաքը բնակեցրել են քրդերով, հայերին էլ ստիպել են խոսել թուրքերեն։
1915 թվականին Այնթափի հայ բնակչությունը երիտթուրքերի կողմից արտաքսվել է Դեր Զորի անապատ։ 1920 թվականի ապրիլից մինչև 1921 թվականի փետրվար Այնթափում մնացած հայերը պաշտպանական մարտեր են մղել թուրք ջարդարարների դեմ։ Այն բանից հետո, երբ ֆրանսիական զորքերը լքեցին Կիլիկիան, հայերը ստիպված եղան գաղթել Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և ԱՄՆ։ 1921 թվականի փետրվարի 8-ին Թուրքիայի Ազգային ժողովը «ֆրանսիացի զավթիչների հետ պայքարում քաղաքաբնակների ունեցած վաստակի համար» բնակավայրի անվանն ավելացրեց «գազի» («հաղթող») տիտղոսը։