ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, վիրավորվել է 639 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Միաժամանակ, Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայում։
Ըստ պարբերականի` զոհերի մեջ հայեր էլ կան։ Մի քանի շենք փլվել է, փրկարարական աշխատանքները շարունակում են։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս պահին իրենց մասնագետները կապի մեջ են համայնքների հետ, ճշգրտումներ են անում։
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում հաղորդում են 76 զոհի ու ավելի քան 400 վիրավորի մասին, Սիրիայում ավելի վաղ նշվում էր 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։