Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի. մանրամասներ

Սիրիական Հալեպ քաղաքը երկրաշարժից հետո
Հալեպահայ ընտանիքի հայրն այս պահին հիվանդանոցում է, իսկ դստերը փորձում են փլատակների տակից հանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում այս պահին հայտնի է 2 զոհի մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։

«Մեր ունեցած տեղեկություններով` Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։ Մայր ու տղա (8-րդ դասարան) զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել։ Շատ երկար տևեց երկրաշարժը` բոլորը փողոց էին դուրս եկել. ես ինքս նոր տուն գնացի` պատերը վնասվել են»,–ասաց նա։

Ներսոյանի խոսքով` երկրի ամենատուժած գոտին համարվում է Հալեպը, և պետությունը կոչ է անում մարդկանց օգնության հասնել։ Նա նշեց, որ այս պահին անձրև է տեղում և բավական ցուրտ է` օգնություն ցուցաբերելը դժվար է։
Ներսոյանը նշում է` այլ հայերից ում հետ կապ ունի, փորձել է զանգել և կապ հաստատել` բոլորը դեռ դրսում են։
«Արևելքը» հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։ Ալպերը Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի սան էր և Հայ երիտասարդաց ընկերակցություն բասկետբոլի խմբի անդամ։
Սիրիական Հալեպ քաղաքը երկրաշարժից հետո
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։
Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։