Սիրիայում փլատակների տակից հանած ազգությամբ հայ տղամարդուն և նրա դստերը վիրահատում են

Հիվանդանոցում. Արխիվային լուսանկար
Սիրիայի երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում անհետ կորածների մասին դեռ լուրեր չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հալեպում շենքերից մեկի փլատակներից հանած ազգությամբ հայ երկու անձի այս պահին վիրահատում են։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի լրագրողը։
Հայտնել էինք, որ երկրաշարժի հետևանքով զոհվել են մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։ Հորը հաջողվել էր փլատակների տակից հանել, ոտքերն ամպուտացվել են։ Աշխատանքներ էին տարվում դստերը նույնպես փլատակների տակից հանելու ուղղությամբ։
«Հայրն ու դուստրն այս պահին հիվանդանոցում են և վիրահատության են ենթարկվում։ Հայերի շրջանում անհետ կորածների մասին դեռ լուրեր չկան, կան մի քանիսը, որոնք թեթև վնասվածքներ են ստացել»,–ասում է լրագրողը։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ, Սիրիայի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 350-ի, իսկ վիրավորներինը` 600-ի։ Միայն Հալեպում 46 բնակելի կառույց է փլվել։
Նշվում է նաև, որ Սիրիայում մի քանի անուն դեղորայքի կարիք կա։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։