Սաակաշվիլին կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել Է միջնորդությունը

Միխեիլ Սաակաշվիլի
Դատավորի որոշումը հարուցել է Սաակաշվիլիի` դահլիճում ներկա, ինչպես նաև դատարանի բակում հավաքված կողմնակիցների դժգոհությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գեորգի Արևաձեն այսօր մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու պատժի հետաձգումը և ազատ արձակումը նրա առողջական վիճակի պատճառով` քաղաքական գործչին թողնելով կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դատավորի որոշումը հարուցել է Սաակաշվիլիի` դահլիճում ներկա, ինչպես նաև դատարանի բակում հավաքված կողմնակիցների դժգոհությունը։
Քաղաքական գործչի փաստաբանները Սաակաշվիլիին ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի համաձայն, ըստ որի` դատարանն իրավունք ունի դատապարտյալին ազատել պատիժը կրելուց, եթե նրա առողջական վիճակն անհամատեղելի է պատժի իրականացման հետ, ինչպես նաև եթե դատապարտյալի առողջացում կամ առողջական վիճակի զգալի բարելավում չի սպասվում:
Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել որպես այլընտրանք հետաձգել պատժի կրումը։ 283-րդ հոդվածի համաձայն` դատապարտյալի պատիժը կարող է հետաձգվել դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա, եթե դատապարտյալը պատժի կրմանը խանգարող ծանր հիվանդություն ունի։
Սաակաշվիլիի ընտանիքի անդամներն ամեն օր հայտնում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։
Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այժմ կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել 2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել։
Նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել բանկիրի սպանության և պատգամավորին ծեծի ենթարկելու գործով։ Քաղաքական գործչին մեղադրում են նաև սահմանն ապօրինի հատելու, պետական միջոցները մսխելու և 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու մեջ։