ՌԴ փրկարարները Սիրիա կմեկնեն, Պուտինն Էրդողանի հետ էլ է զրուցելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ասադն ընդունել է երկրաշարժի հետևանքների վերացման հարցում Սիրիային օգնություն ցուցաբերելու առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսում գրանցված ու բազմաթիվ զոհերի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքների կապակցությամբ և սիրիական կողմին առաջարկել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել աղետի հետևանքները վերացնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Կրեմլից հայտնում են, որ Ասադն ընդունել է Պուտինի առաջարկը, և մոտակա ժամերին ՌԴ ԱԻՆ փրկարարները կմեկնեն Սիրիա։
Ռուսական կողմը նաև Թուրքիայի ղեկավարությանն է տեղեկացրել, որ պատրաստ է անհապաղ օգնություն տրամադրել։ Պուտինն այդ կապակցությամբ այսօր խոսելու է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 1121 զոհի ու 7634 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Հավելենք, որ այսօր` Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։