Քերոբյանն ու Էռնեկյանը հանդիպել են. նախարարը ներկայացրել է զրույցի մանրամասները

Վահան Քերոբյանը հանդիպել է Էդուարդ Էռնեկյանի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու հայտնի գործարարի քննարկման թեմաներից մեկը եղել է հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ և քննարկել «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը։ Քերոբյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Նրա «Կորպորասիոն Ամերիկա» միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները: Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է «Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը, ինչը թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք և ավելացնել թռիչքների ու ուղղությունների թիվը»,– նշել է Քերոբյանը։
Ըստ նախարարի` գործարարի հետ քննարկել են նաև պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը։
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932թ–ի դեկտեմբերի 4–ին, Բուենոս Այրեսում։ Նա համարվում է ամենահաջողակ ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։
2001 թվականի դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։
Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2020 թ․ հիմնադրամին է նվիրաբերել 3,5 միլիոն ԱՄՆ դոլար։
2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էռնեկյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում։