ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ասել է` ուրախ է, որ տարիների ընթացքում ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և նախորդ տարիներից բավական թվով մարդիկ կան, որոնք աշխատանքի են անցել ՀՀ պետական կառավարման համակարգում:
«Հույս ունեմ, որ այս շրջափուլից հետո էլ ներկաներից շատերը կմնան աշխատելու Հայաստանում, աջակցելու մեր երկրի պետական ինստիտուտների կառավարման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գործում։ Մեր, ինչպես ցանկացած պետության, ամենամեծ կարիքն այն է, որպեսզի լինեն այնպիսի կադրեր, որոնք կարողանում են հարցեր լուծել և ոչ թե հարցեր առաջացնել։ Պետք է նույնականացնենք առկա խնդիրների խորքային պատճառները և փորձենք լուծել: Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ»,– ասել է Փաշինյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ իրենց գրասենյակը ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից։ Սինանյանը գոհունակությամբ հայտնել է, որ «իԳործականների» աշխատանքային փորձը և կարողությունները կիրառվում են պետական մարմիններում իրականացվող աշխատանքներում և ծրագրերում, նպաստում են նորարարական գաղափարների և ոլորտային հետազոտությունների իրականացմանը:
Նախորդ 2 փուլի մասնակիցների մոտ 68 %-ը հայրենադարձվել է ակնկալվող 25 %-ի փոխարեն: Նրանցից ոմանք նշանակվել են բարձր պաշտոնների, մասնավորապես` փոխնախարար, կոմիտեի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրեն, նախարարի խորհրդական և հանրային ծառայության այլ պաշտոններ: 2021-2022թթ. Փուլի` Հայաստանում մնացած ծրագրերի մասնակիցների 60%-–ն աշխատանքի է անցել, որոնցից 13-ը՝ Հայաստանի պետական կառավարման մարմիններում:
«2022-2023թթ. խմբում ներառվել է 50 փորձագետ, որոնք աշխատում են 24 տարբեր գերատեսչությունում, այդ թվում՝ այս տարի ունենք նոր գերատեսչություններ, ինչպիսիք են` Վիճակագրական կոմիտեն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Մասնակիցները եկել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արգենտինայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից, Բելառուսից և Ուկրաինայից: Մեր «իԳործականները» հիմնականում երիտասարդ են, բայց ունենք ներկայացուցիչներ տարիքային բոլոր շերտերից, քանի որ տարիքային որևէ սահմանափակում չունենք»,– նշել է Սինանյանը։
ՀՀ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերներին, կրթության ոլորտի բարեփոխումներին, սփյուռքի ներուժի իրացմանը և այլն։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նշված ուղղություններով կառավարության կողմից իրականացվող քայլերն ու ծրագրերը, անդրադարձել առաջիկա անելիքներին: