Պատրիարք Նուրհանն Իսրայելում ՌԴ դեսպանի միջոցով խնդրանք է փոխանցել Պուտինին Արցախի մասին

Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովն այցելել Երուսաղեմի հայոց պատրիարքարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հանդիպել Ն.Ա.Տ. Նուրհան պատրիարք Մանուկյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Աղան Գոգչեանը։
«Հանդիպման ընթացքում պատրիարք Սրբազան հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները»,– գրել է հայր Աղանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։