ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։