Լարսի ճանապարհը դեռ մի քանի օր փակ կմնա

Արխիվային լուսանկար
Գուդաուրի–Կոբի ճանապարահատվածում ձնահոսքի վտանգը դեռ պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Վերին Լարսի» անցակետը փակ կմնա ևս մի քանի օր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս-վրացական սահմանը և Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Պատճառը եղանակի վատթարացումն է։ Ձնահոսքի վտանգը դեռ պահպանվում է։ Տեղումները` առատ ձյան տեսքով, սպասվում են մինչև երեքշաբթի օրվա վերջ և ամենայն հավանականությամբ ճանապարհը փակ կլինի մինչև չորեքշաբթի»,– նշեց նա։
Վահան Հակոբյանը հավելեց նաև, որ երեկվա տվյալով անցակետում մոտ 250 բեռնատար է եղել, որից մոտ 100–ը` հայկական:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
«Վերին Լարսի» անցակետն ու թղթի վրա մնացած համաձայնագիրը. ե՞րբ կլուծվի բազմաչարչար խնդիրը
Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։