ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ տեղափոխվել է Հայաստան, 18–ը` Արցախ

Քաղաքացիները կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Լաչինի ճանապարհով ընդհանուր առմամբ 33 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայասստան և հակառակ ուղղությամբ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Փետրվարի 6-ին ԿԽՄԿ-ն, հանդես գալով չեզոք միջնորդի դերում, նպաստել է Լաչինի միջանցքով 15 մարդու տեղափոխմանը Հայաստան և 18 մարդու տեղափոխմանը Հայաստանից։ Նրանք համապատասխան կողմերում կմիանան իրենց ընտանիքներին»,– ասաց Ամատունին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԽՄԿ միջնորդությամբ հունվարի 30-ին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղափոխվել է 36 քաղաքացի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։