ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Աբովյան քաղաքում կասեցվել է «Թամարա» ՍՊԸ-ի թթվասերի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում առկա արտադրատեսակներից լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզել են, որ «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
««Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար»,–ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
Կարգադրվել է, տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելել, շուկայից հետ կանչել, ոչնչացնել կամ օգտահանել։