Հայաստան կժամանի Խորվաթիայի արտգործնախարարը

Գորդան Գրլիչ Ռադման
Գորդան Գրլիչ Ռադմանն իր այցի ընթացքում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը»,– ասված է հաղորդագրությունում։
Այցի շրջանակում Ռադմանը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-7-ը աշխատանքային այցով մեկնել է Բեռլին։
Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին:
Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել Զագրեբում 2021թ. դեկտեմբերի 2-3-ը:
Հայ-խորվաթական հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Խորվաթիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, այդ թվում` ԵՄ շրջանակում: