Գարեգին Բ–ն ցավակցել է Սիրիայի նախագահին

Գարեգին Բ
Կաթողիկոսը մխիթարություն ու սփոփանք է մաղթել Սիրիայում անմեղ զոհերի հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին։
«Հայոց հայրապետը հայցել է, որ բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պարգևելով խաղաղ ու ապահով օրեր»,–ասված է Մայր աթոռի տարածած տեքստում:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 912 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք ավելի քան 300 մարդու կյանք են խլել, տուժել են 639-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Հավելենք, որ այսօր` Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։