Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպ վարելու։ Այս նպատակով այսօր հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների` Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում «Լիարժեք կյանք» ՀԿ–ն սպորտային միջոցառում էր կազմակերպել. «օրակարգում» կույր ֆուտբոլն էր, բոչիան և անվասայլակներով բասկետբոլը։
Գայանե Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
Հավաքվել էին 60 մասնակիցներ, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ չունեցող երեխաներ։
Բացման խոսքով հանդես եկավ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը։
«Մեր նպատակն է հասարակությանը ցույց տալ թե ինչպիսի կարողություններ, հմտություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նրանք կարող են բոլորի հետ հավասար մասնակցել սպորտային միջոցառումների»,–ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում առկա են ադապտիվ սպորտաձևեր, որոնցից շատերը ներառված չեն պարօլիմպիկ մարզաձևերում։
«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանն էլ իր հերթին նշեց, որ սպորտը լավագույն հարթակն է անձի ֆիզիկական ներուժը բացահայտելու, օգտագործելու համար։
«Սա նաև շատ լավ հարթակ է ներառական միջավայր ստեղծելու համար։ Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց հետ ուժերը կչափեն նաև հաշմանդամություն չունեցող անձինք։ Միայն թե բոլորի համար կանոնները նույնն են։ Եթե մենք խոսում ենք կույր ֆուտբոլից, ուրեմն բոլոր մասնակիցների աչքերը պետք է կապված լինեն (բացի դարպասապահներից – խմբ.), կամ եթե անվասայլակով բասկետբոլից, ապա բոլորը պետք է լինեն անվասայլակի վրա»,–ասաց նա։
Սուրեն Մաղաքյան
© Sputnik / Aram Nersesyan
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասում մասնակիցները ծանոթացան խաղերի կանոններին և ցուցադրական խաղ ներկայացրին, իսկ արդեն երկրորդ փուլում թիմերի բաժանվեցին և սկսեցին մրցել։
Արփինե Արզումանյան
© Sputnik / Aram Nersesyan
Կույր ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արփինե Արզումանյան մասնակիցներին ներկայացրեց խաղի կանոնները։ Այդ ընթացքում զրուցեցինք Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ և հաղորդակցության համակարգող Սիփան Ասատրյանի հետ, որը ևս այսօր իր ուժերն էր փորձում կույր ֆուտբոլում։
Սիփան Ասատրյան
© Sputnik / Aram Nersesyan
«Լինելով կույր, նման միջոցառումների բազմիցս մասնակցել եմ ավելի երիտասարդ տարիքում։ Տարբեր սպորտաձևերով ժամանակին զբաղվել եմ, այդ թվում` լեռնադահուկային սպորտով։ Ուրախ եմ, որ այսօր իրականացվում է այս միջոցառումը , որտեղ ես առաջին անգամ խաղալու եմ նույն ֆուտբոլը` ադապտացված կույրերի համար»,–ասում է Սիփանն ու միանում թիմակիցներին։
Այս ընթացքում մյուս մարզադահլիճում մասնակիցներին բոչիայի (գնդակախաղի տեսակ – խմբ.) կանոնները բացատրում է մարզիչ Աշոտ Շահինյանը։
Աշոտ Շահինյան
© Sputnik / Aram Nersesyan
Բոչիայի մասնակիցներից 10–ամյա Դանիել Գրիգորյանը շատ ոգևորված է։ Նա խաղին սիրահարվել է դեռ նախորդ տարի` ճամբարում։
Դանիել Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
«Խաղի կանոնները գիտեմ, էլի եմ խաղացել ու շատ եմ սիրում այն։ Շատ կուզեի, որ այս տարի էլ մեզ համար ամառային ճամբար անցկացվի, և ես էլ մասնակցելու հնարավորություն ունենամ»,–ասում է Դանիելը։
Կույր ֆուտբոլից հետո մարզադահլիճը տրամադրվեց անվասայլակով բասկետբոլի սիրահարներին։ Բոլորը գոհ էին ու տպավորված։
Միջոցառման ավարտին լավագույն թիմերն ու մարզիկները պարգևատրվեցին։