Երկրաշարժի պատճառով դադարեցվել է սիրիական Բանիյաս քաղաքի նավթամշակման գործարանի աշխատանքը

Սիրիայի նավթի նախարարությունը հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով Բանիասում բնակելի տներ, իսկ Հալեպում գազի պահեստարանի հենասյուներ են վնասվել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սիրիայի խոշորագույն նավթամշակման գործարանում, որը գտնվում է Բանիյաս քաղաքում, աշխատանքը դադարեցվել է հզոր երկրաշարժի հետևանքով սարքավորումների վնասման պատճառով։ Այս մասին այսօր հայտնել է Սիրիայի նավթի նախարարությունը։
«Բանիյասի նավթամշակման գործարանի էներգաբլոկի ծխատար խողովակում առաջացած ճաքի, շենքերի ճաքերից նավթամթերքի արտահոսքի պատճառով ստիպված դադարեցվել է գործարանի աշխատանքը վերականգնման աշխատանքներ սկսելու համար։ Ակնկալվում է, որ 48 ժամ հետո գործարանը կվերսկսի աշխատանքը»,– ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Ekhbariya հեռուստաալիքը։
Նախարարությունում հայտնել են, որ Սիրիայի իշխանությունները դադարեցրել են երկաթուղային հաղորդակցությունն ամբողջ երկրով` երկրաշարժից հետո գծերի վիճակը ստուգելու համար։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 237 մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։