ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երկրաշարժի հետևանքով Հալեպում (Սիրիա) 40 տուն ամբողջությամբ փլուզվել է։ Այս մասին Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը հայտնել է «Ալ–Իհբարիա» հեռուստաալիքին։
«Արդեն 60 մահվան դեպք ենք արձանագրել, 270 վիրավոր կա և հիմնովին փլուզվել է 40 բնակելի շենք։ Այս տվյալները փոխվելու են, քանի որ Հալեպի բոլոր հատվածներում փրկարարական աշխատանքները շարունակվում են», – ասել է նահանգապետը։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 237 մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։