Երևանում պարեկն օգնել է ընկած կնոջն ու հարվածի «արժանացել» նրան ուղեկցող տղամարդու կողմից

Արխիվային լուսանկար
Հասնելով բժշկական կենտրոն` տղամարդը մոտեցել է պարեկներից մեկին և աջ ձեռքով հարվածել նրա գլխին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ ոստիկանին հարվածած քաղաքացին կալանավորվել է։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ պարեկային ծառայության երկու ծառայող, 2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ժամը 23:15-ի սահմաններում, լսելով օգնության կանչ, մոտեցել և առաջին բուժօգնություն են ցուցաբերել Կոմիտասի պողոտայում գետնին ընկած մի կնոջ։

Այնուհետև պարեկային ծառայողները կնոջը նստեցրել են ծառայողական մեքենան և տեղափոխել «Արաբկիր» ԲԿ: Ճանապարհին մեքենայում գտնվող հիշյալ կինը և նրան ուղեկցող տղամարդը սկսել են հայհոյանքներ հնչեցնել:

Հասնելով բժշկական կենտրոն` տղամարդը մոտեցել է պարեկներից մեկին և աջ ձեռքով հարվածել նրա գլխին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերոնշյալ պարեկը ճանաչվել է տուժող:
Նախաքննությունը շարունակվում է: