ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ժամանակակից սարքավորումներով հագեցած 50 նոր մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերն ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին: Շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին: Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հնամաշ մեքենաները երբ փոխարինվում են նորով, ավելի է մեծացնում դրանց արագությունն ու հասանելիությունը»,- ասում է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Շտապօգնության ծառայությունն ամեն օր սպասարկում է ավելի քան 750 կանչ, տոնական օրերին՝ մինչև անգամ 1200:
Նշենք, որ 2023թ. բյուջեով հաստատվել է Երևանի շտապբուժօգնության ծառայության կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատավարձի 20 տոկոսով բարձրացումը: