Էրդողանը Թուրքիայում 7-օրյա համազգային սուգ է հայտարարել

Թուրքիայի նախագահ
Ամբողջ Թուրքիայում և արտասահմանյան ներկայացուցչություններում կիջեցվի երկրի դրոշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համազգային սուգ Է հայտարարել ավելի քան 1600 քաղաքացու կյանք խլած երկրաշարժի կապակցությամբ։ Նա գրառում է արել Telegram–ում։

«7-օրյա համազգային սուգ է հայտարարվել։ Մինչև փետրվարի 12-ի մայրամուտը ամբողջ երկրում և արտասահմանյան ներկայացուցչություններում կիջեցվի Թուրքիայի դրոշը», - գրել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Վերջին տվյալների համաձայն` մահացել է 1651, տուժել` ավելի քան 11 հազար մարդ։
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք 593 մարդու կյանք են խլել, տուժել են ավելի քան 1400-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։