ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ էներգետիկ միասնական շուկային միանալու համար Հայաստանը պետք է հասցնի ժամանակին ավարտին հասցնել էներգետիկ ենթակառուցվածքների` կիսատ մնացած նախագծերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով նախորդ շաբաթ Ալմաթիում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ընդունված որոշումը` ԵԱՏՄ անդամ երկրների էներգահամակարգերի միասնականացման մասին։
Ալմաթիում կայացած նիստից հետո Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը լրագրողներին ասել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները փաստաթուղթ են ստորագրել, որով հնարավորություն են ստանում մուտք գործել միմյանց էներգացանցեր` ոչ խտրական հիմունքներով: Միշուստինի մեկնաբանմամբ` այդ մեխանիզմը թույլ կտա ոչ միայն ավելի հեշտ վաճառել էլեկտրաէներգիան ԵԱՏՄ-ի ներսում, այլև արտահանել բարեկամ երկրներ։
«Մենք պետք է ենթակառուցվածքներով ապահովված լինենք, որպեսզի կարողանանք իրականում միանալ, ոչ միայն թղթի վրա։ Մինչդեռ այս պահին մենք դեռ ենթակառուցվածքներով ապահովված չենք»,– ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` այս պահին Հայաստանի համար առաջնահերթությունը չարչրկված Հյուսիս–հարավ էներգետիկական միջանցքի մաս կազմող` Իրանի հետ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն է ու հնարավորինս շուտ գործարկումը։ Մյուս կողմից չլուծված է մնում նաև Վրաստանի հետ էներգետիկ հաղորդակցության ենթակառուցվածքների հարցը։ Փորձագետի համոզմամբ` ԵԱՏՄ միասնական շուկայում փաստացի ներգրավվելու համար Հայաստանին օր առաջ ենթակառուցվածքներ ու նաև լրացուցիչ արտադրական հզորություններ են պետք, հակառակ դեպքում վաղը կարող է ուշ լինել։
«Էներգետիկ համակարգերը մեկ օրվա, մեկ ամսվա կտրվածքով հնարավոր չէ պլանավորել։ Դրանք երկարաժամկետ պրոյեկտներ են, որոնք պետք է նախապես պլանավորվեն, նախագծվեն ու իրականացվեն։ Տեխնիկական հնարավորությունները դեռ կան, բայց եթե 3 տարի հետո այս հարցը ինձ տաք, ցավոք, գուցե ասեմ, որ արդեն ուշ է։ Բայց հուսով եմ` չենք հասնի այդ հանգրվանին։ Այս պահի դրությամբ դեռ շատ չենք ուշացել»,– ասաց նա։
Ըստ Ավետիսյանի` բացի հարևան երկրների հետ էլեկտրահաղորդման գծերի շինարարությունից, Հայաստանն արդեն պետք է նաև որոշի, թե որ երկրի հետ է իրականացնելու նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը և ինչ հզորության ատոմակայան է կառուցելու։
«Եթե պետությունը սահմանված ժամկետում իրականացնի այս բոլոր ծրագրերը, ապա մենք անհրաժեշտ թե՛ տնտեսական, թե՛ մասնագիտական ներուժն ունենք այդ շուկայում արտահանող երկրի դերում լինելու։ Բայց նորից եմ կրկնում` եթե իրականանան։ Եթե ոչ, ապա կստանանք հակառակ պատկերը` ավելի շատ կլինենք ներկրողի ու սպառողի դերում, քան արտադրողի ու արտահանողի»,– ասաց Ավետիսյանը։
Մեր զրուցակիցը նաև նշեց` միասնական շուկան հնարավորություն կտա, որ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանի ոչ միայն հարևան երկրներ` Իրան ու Վրաստան, այլև ոչ սահմանակից ու ավելի հեռավոր երկրներ` միջնորդավորված կամ բարտերային պայմանագրային հիմունքներով։
Այդ հնարավոր գործարքը պարզաբանելու համար Արթուր Ավետիսյանը բերեց Թուրքմենստանից գազի սվոթային գնման` տարիներ շարունակ քննարկվող տարբերակը։
«Թուրքմենստանը որոշակի ծավալով գազ պետք է առաքեր Իրան։ Իրանն էլ դրան համապատասխան չափով մեզ էր առաքելու։ Այսինքն` Իրանի հեռավոր շրջանները, որոնց գազ մատակարարելը Իրանի համար ավելի թանկ էր լինելու, մատակարարում էր Թուրքմենստանը։ Դրա դիմաց Իրանը նուն քանակով մեզ էր գազ մատակարարում` մեզ ու իր համար հարմար գնով։ Բայց պայմանագրով ստացվում էր, որ մենք Թուրքմենստանից էինք գազ գնում» ,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ այս նույն տարբերակով Հայաստանը կարող է պայմանագիր կնքել թե՛ ԵԱՏՄ անդամ, թե՛ ԵԱՏՄ գործընկեր ցանկացած երկրի հետ։ Եթե իհարկե կունենա համապատասխան տեխնիկական պայմաններ։
Փորձագետի դիտարկմամբ` տեխնիկական հնարավորություններից, ենթակառուցվածքներից բացի, ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ստեղծմանը կարող են խանգարել նաև աշխարհաքաղաքական տարբեր սցենարները։ Հետևաբար, նրա համոզմամբ, եթե տեխնիկական լուծումները ցանկացած պահի հնարավոր է արագացնել, ապա քաղաքական որոշումներում ուշացումները կարող են ճակատագրական լինել երկրի համար։
Հիշեցնենք` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ՝ ԵԱՏՄ երկրները պատրաստվում են մինչև 2025 թվականը ստեղծել էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկաներ։