Դավիթ Տոնոյանը կալանքի տակ կմնա. փաստաբան

Դավիթ Տոնոյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնել է հետագա քայլերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` խափանման միջոցը փախելու կամ գրավով ազատ արձակելու նրա փաստաբանական թիմի հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Դեռ որոշումը չենք ստացել։ Ստանալուց հետո միայն 3-օրյա ժամկետում կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում»,– ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելու
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: