ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրավապահներին միջոցներ ձեռնարկել իր սպանության սպառնալիքի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսրայելի կառավարության մամուլի ծառայությանը։
Նեթանյահուի խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում աճել է պաշտոնատար անձանց դեմ ուղղված դեպքերի հրահրման թիվը։
«Այսօր մենք լսեցինք և տեսանք ակնհայտ սպանության սպառնալիք վարչապետի հասցեին։ Ես ակնկալում եմ, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն անհապաղ միջոցներ կձեռնարկեն այն մարդկանց նկատմամբ, որոնք հրահրում են դրանք», - հայտարարել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսին և հունիսին Նեթանյահուն երեք անգամ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքների վերաբերյալ: Հունիսի 1-ին վարչապետը հայտնել է իր հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին, իսկ հաջորդ օրը ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հատուկ բաժնի քննիչները ձերբակալել են կասկածյալին: Ավելի վաղ` մայիսի վերջին, նմանատիպ մեղադրանքներով ձերբակալել էին Թել Ավիվի բնակչի։ Հուլիսի վերջին ուժայինները բռնել են ևս մեկ կասկածյալի։ Պարզվել է, որ նա Նեթանիա քաղաքի բնակիչ է։