ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխզիջման տարբերակ է գտել Մերձավոր Արևելքի հարցում: Այս մասին նա ասել է ֆրանսիական LCI հեռուստաալիքին։
Նեթանյահուի խոսքով ՝ Իրանը ցանկանում է իր ուժերը ստեղծել և տեղակայել Սիրիայում ՝ Իսրայելի սահմանի մոտ։
«Հենց Իրանն է ուզում միջուկային զենք ստեղծել, որպեսզի մեզ վտանգի ենթարկի և ոչնչացնի։ Ես Վլադիմիր Պուտինին ասել եմ, որ մենք ընտրություն ունենք. կարող ենք գնալ առճակատման կամ կարող ենք ընդհանուր լեզու գտնել։ Մենք չենք միջամտում Սիրիայում ձեր գործողություններին, իսկ դուք մեզ հանգիստ եք թողնում», - ասել է Իսրայելի վարչապետը։
Նրա խոսքով՝ գտնվել է փոխզիջման տարբերակ, որը ծառայում է Իսրայելի շահերին ու հետևաբար, Պուտինը կարծում է, որ դա չի սպառնում ռուսական շահերին:
«Մենք որոշել ենք միմյանց հանգիստ թողնել», - նշել է Նեթանյահուն:
Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա: