Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ՀՀ–ում կան փակ ճանապարհներ

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Որոշ մարզերում գիշերվանից տեղացող ձյունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Սևան, Քաջարան, Էջմիածին, Մասիս, Գյումրի, Ապարան քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։