ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Մի շարք հարցերի վերաբերյալ Իրանի ներկայիս դիրքորոշումը դժվարացնում է համաձայնություն հաստատել իրանական միջուկային ծրագրի մասին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական EL PAÍS թերթին տված հարցազրույցում։
«Երկրի ներսում բողոքների ճնշումը, մասնավորապես կանանց մահապատժի կիրառումը, Ռուսաստանին զենքի մատակարարումը (չնայած նրանք հերքում են, որ զենք են մատակարարում, բայց դրա վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան) հանգեցրել են մի իրավիճակի, որի դեպքում միջուկային համաձայնության հասնելը գնալով բարդանում է», - ասել է Բորելը:
Դիվանագետը հավելել է, որ այժմ համաձայնագիրը սառեցված է, բայց իրենք պետք է փորձեն պահպանել այն։
Հիշեցնենք` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել էր 2015 թվականին ՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ երկարատև բանակցությունների արդյունքում: 2018-ի մայիսին ԱՄՆ նախորդ վարչակազմը հայտարարեց գործարքից դուրս գալու մասին: Անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում սկսվեցին Իրանի միջուկային ծրագրի և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները։