ԵՄ-ի զինվորականները 2022 թվականից շատ ավելի շուտ են ուղարկվել Ուկրաինա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԵՄ զինվորականները Ուկրաինա են մեկնել 2022 թվականից շատ առաջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունները։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրները երբեք չեն պատրաստվել և չեն պատրաստվում իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա հակամարտությանը մասնակցելու համար։
«ԵՄ անդամ երկրների զինվորականները շատ ավելի վաղուց են ուղարկվել Ուկրաինա։ Ե՛վ հրահանգիչների, և՛ հատուկ ծառայությունների, և՛ վարձկանների տեսքով», - գրել է Զախարովան իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ զինվորականների ուղարկումը 2022 թվականից շատ ավելի շուտ է սկսվել։