Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիայի բանալիները

Էդուարդո Էռնեկյանը և Ֆլորենցիայի քաղաքապետը
Էռնեկյանը նշել է, որ քաղաքի բանալիները ստանալն իր համար մեծ իրադարձություն է, քանի որ գործարար մարդիկ բացում են դռները, ինտեգրում շուկաները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները՝ ի պատիվ իր ձեռնարկատիրական և մարդասիրական գործունեության։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունը։
Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիայի բանալիները
Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելան նշել է, որ Էդուարդ Էռնեկյանին քաղաքի բանալիները շնորհելու առաջին պատճառը ցեղասպանության հիշատակի պահպանման հանձնառությունն է եղել։ «Նրա արգենտինական և հայկական ծագումը և այն փաստը, որ նա ստեղծել է Ռաուլ Վալենբերգ հիմնադրամը, շատ կարևոր խորհրդանիշ է մեզ համար։ Նա շատ ներդրումներ է կատարել մեր քաղաքում, ինչպես նաև ամբողջ Իտալիայում՝ օդանավակայանների միջոցով և նա այն արգենտինացի գործարարներից է, ով առավել ակտիվ է Եվրոպայում»,-ասել է քաղաքապետը:
Էդուարդո Էռնեկյանն էլ իր հերթին նշել է, որ քաղաքի բանալիները ստանալն իր համար մեծ իրադարձություն է, քանի որ գործարար մարդիկ բացում են դռները, ինտեգրում շուկաները, կապում մարդկանց, քաղաքներին, ազգերին արտադրության միջոցով։
Միջոցառմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Նա նշել է, որ ցանկացած ներդրում և ծրագիր, որում ներառված է եղել Էռնեկյանը, հետապնդել է Հայաստանի և աշխարհի միջև կամուրջներ կառուցելու և ամրապնդելու հիմնական նպատակը:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932թ–ի դեկտեմբերի 4–ին, Բուենոս Այրեսում։ Նա համարվում է ամենահաջողակ ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։
2001 թվականի դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։
Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2020 թ․ հիմնադրամին է նվիրաբերել 3,5 միլիոն ԱՄՆ դոլար։
2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էռնեկյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում։