Չինաստանը բողոք է հայտնել օդապարիկի վրա ԱՄՆ-ի հարձակման պատճառով

Չինաստանի դրոշը
ՉԺՀ-ի ԱԳՆ-ն նշել է, որ Պեկինը վճռականորեն կպաշտպանի չինական ընկերության օրինական իրավունքներն ու շահերը՝ իրեն վերապահելով հետագա գործողությունների իրավունքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Չինաստանը ծայրահեղ դժգոհություն և բողոք է հայտնում քաղաքացիական անօդաչու օդապարիկի վրա ԱՄՆ-ի հարձակման պատճառով, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն:
«Չինաստանը ծայրահեղ դժգոհություն և բողոք է հայտնում ուժի կիրառման ու քաղաքացիական անօդաչու օդապարիկի վրա ԱՄՆ-ի հարձակման պատճառով», - նշված է հայտարարության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի չինական համապատասխան ընկերության օրինական իրավունքներն ու շահերը՝ իրեն վերապահելով հետագա անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու իրավունքը:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել էր, որ փետրվարի 4-ին զինվորականները, նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ, խոցել են Չինաստանին պատկանող օդապարիկը, որն ընկել է ամերիկյան օդային տարածք: Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ սարքն օգտագործել են ռազմավարական օբյեկտներին հետևելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է հայտնվել, զինվորականները կարծում են, որ այն պատկանում է Չինաստանին, իրավիճակի մասին տեղեկացրել էին նախագահ Ջո Բայդենին, Վաշինգտոնը նաև կապ էր հաստատել Պեկինի հետ։
Միևնույն ժամանակ Վաշինգտոնում հայտարարել էին, որ օդապարիկը հսկողության տակ են առել այն պահից, երբ մի քանի օր առաջ մտել է ԱՄՆ օդային տարածք և հետևում են ռազմական ավիացիայի միջոցով: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ֆիլիպիններ կատարած այցի ժամանակ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին հանդիպման է հրավիրել՝ քննարկելու օդապարիկի հետ կապված միջադեպը: Պաշտոնյան ասել է, որ ռազմական հրամանատարությունը քննարկել է Մոնտանայի վրայով օդապարիկը խոցելու հնարավորությունը, բայց ի վերջո որոշել են այդ քայլին չգնալ, քանի որ բեկորները կարող են ընկնել մարդկանց վրա։