Ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ. Վարդապետյան

Աննա Վարդապետյանն այցելել է Արմավիրի մարզ և խորհրդակցություն անցկացրել, ինչի ժամանակ էլ անդրադարձ է կատարվել ոլորտի մի շարք խնդիրների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. «Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, տեղեկանում ենք դատախազությունից։
Նշվում է, որ Վարդապետյանը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել։
«Ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ, հաճախակի դարձնել մեր ապագա քաղաքացիների հետ շփումներն ու զրույցները՝ հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն նրանք իրավական համակարգի և օրինականության վերաբերյալ»,-նշել է Վարդապետյանը:
Խորհրդակցության ընթացքում Վարդապետյանն անդրադարձել է նաև Արմավիրում մինչև տարեվերջ ներդրվող պարեկային ծառայության գործընթացին՝ կարևորելով ծառայության դերը՝ իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից:
Հանդիպման ավարտին Վարդապետյանի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ։
Աննա Վարդապետյանը փոխել է Արմավիրի մարզի դատախազին