ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադի քաղաքային դումայի ղեկավար Ալեքսանդր Բլոշկինիու մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։
ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադում
© Photo : official site of the National Assembly of RA
Նշվում է, որ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Ընդգծվել է երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարևորվել է այն հանգամանքը, որ այս ծանր ու բարդ ժամանակաշրջանում հայկական պաշտոնական պատվիրակությունն ու հայկական համայնքը ներկայացված են եղել բոլոր միջոցառումներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպում է եղել նաև Վոլգոգրադի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադում
© Photo : official site of the National Assembly of RA
Հավելենք, որ հայկական պատվիրակության կազմում են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Մաթևոս Ասատրյանը։ Միջոցառումներին մասնակցում է նաև ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադում
© Photo : official site of the National Assembly of RA
Հիշեցնենք` Ստալինգրադի հաղթանակը բեկումնային է դարձել Հայրենական մեծ պատերազմի համար: Հայերը մեծ ավանդ են ունեցել այդ ճակատամարտում. արյունալի մարտերին մասնակցել է 30 000 հայ, որից 10 000-ը զոհվել է: Մասնակից հայերի կեսից ավելին պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով: Հայ ճարտարապետ Կարո Հալաբյանի ղեկավարմամբ իրականացվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագիծը: