RT DE հեռուստաալիքը ճնշումների պատճառով դադարեցնում է գործունեությունը Գերմանիայում

Գերմանիայում աշխատելն անհնար է դարձել ԵՄ պատժամիջոցների իններորդ փաթեթի պատճառով, որը փակել է RT DE Productions-ի ֆինանսավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. RT DE Productions ընկերությունը որոշել է դադարեցնել լրագրողական գործունեությունը Գերմանիայում։ Հայտարարությունը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում։
«Այսօր Բեռլինում տեղակայված RT DE Productions փրոդաքշըն-ընկերությունը հայտարարել է իր լրագրողական գործունեությունը դադարեցնելու մասին։ Ընկերությունը լրատվական կոնտենտ էր մատակարարում կայքին և RT DE հեռուստաալիքին, որը Մոսկվայից հեռարձակվում է գերմաներեն լեզվով` իրադարձությունների վերաբերյալ այլընտրանքային տեսակետ տրամադրելով միլիոնավոր հեռուստադիտողների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունում հայտնել են, որ որոշումը կայացվել է «ԵՄ-ում մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ազատության ռեպրեսիվ սահմանափակումների» հետ կապված։ Նշվում է, որ RT DE-ն հսկայական ճնշման է բախվում կառավարությունների, ԶԼՄ-ների, կորպորացիաների և այլ անձանց կողմից։
RT-ի գերմանական խմբագրության ղեկավար Դինարա Տոկտոսունովան պարզաբանել է, որ հեռուստաալիքը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը Գերմանիայում ԵՄ պատժամիջոցների 9-րդ փաթեթի պատճառով, որը փակել է RT DE Productions-ի ֆինանսավորումը:
ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Սերբիային՝ պահանջելով փակել Sputnik-ը և RT-ն․ Սիմոնյան
Այնուամենայնիվ, RT DE-ի բովանդակությունն ու ռեպորտաժները հասանելի կմնան կայքում:
2021 թվականի դեկտեմբերի 22-ին գերմանական մեդիակարգավորիչի որոշմամբ RT DE-ն հանվել է Եվրոպայում հեռարձակումից։
Ավելի վաղ` դեկտեմբերի 17-ին, Բեռլին-Բրանդենբուրգ մեդիաընկերությունը հետաքննություն էր նախաձեռնել ռուսական ցանցի նկատմամբ Գերմանիայի տարածքում հեռարձակման կանոնները խախտելու կասկածանքով։ Գործակալության պնդմամբ` RT-ն դրա համար անհրաժեշտ լիցենզիա չունի։
RT DE-ի ղեկավարության կարծիքով, որը վկայակոչում է անդրսահմանային հեռուստատեսության մասին Եվրոպական կոնվենցիան, Սերբիայից ստացած արտոնագիրը նրան իրավունք է տալիս հեռարձակել Եվրոպայի 33 երկրներում: 2022 թվականի փետրվարի 2-ին Գերմանիայի ԶԼՄ-ների Վերահսկողության հանձնաժողովը հաստատել է երկրի տարածքում RT DE գերմանալեզու հեռուստաալիքի հեռարձակման արգելքը` լիցենզիայի բացակայության պատճառով։
ԵՄ-ում Sputnik-ի և RT-ի արգելումն անօրինական է. եվրոպացի պաշտոնյա
Ավելի վաղ փակման մասին հայտարարել էր RT France հեռուստաալիքը։ Նրա աշխատանքն անհնար էր դարձել հաշիվների արգելափակման պատճառով։ Հրապարակման համաձայն` RT France-ի 123 աշխատակից, այդ թվում 77 լրագրող, կկորցնեն աշխատանքը և հունվար ամսվա աշխատավարձ չստանալու ռիսկի տակ են։