ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Ֆրանսիայում 2024թ.-ի oլիմպիական խաղերին մասնակցելու համար ռուս մարզիկներին վիզաների տրամադրման մասին որոշումը կընդունի Միջազգային oլիմպիական կոմիտեն, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հասկանում ենք, որ այս հարցը զգայուն է։ Բայց այդ որոշումը տանտեր երկիրը չի ընդունում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն է որոշելու, և կտեսնենք, թե ինչպիսին կլինի նրա որոշումը»,-ասել է Լեժանդերը շաբաթ օրը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ համամիտ են այն մտահոգության հետ, որն արտահայտում են իրենց ուկրաինացի ընկերները:
ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն հունվարի 25-ին հանդես է եկել միջազգային մրցումներին ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների վերադարձի օգտին՝ չեզոք կարգավիճակով, միաժամանակ առաջարկելով թույլ չտալ մասնակցել այն մարզիկներին, որոնք ակտիվորեն աջակցել են Ուկրաինայում հատուկ գործողությանը: Ի պատասխան Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լոզանում տեղակայված կազմակերպությանը մեղադրել է բռնություն և ավերածություններ քարոզելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից կաշառված լինելու մեջ։ ՄՕԿ-ում մեղադրանքները զրպարտչական են անվանել։
Արևմուտքի երկրներն ուժեղացրել են պատժամիջոցային ճնշումը ՌԴ-ի վրա Ուկրաինայի պատճառով, բացի այդ, ռուսատյացության աննախադեպ մակարդակ է արձանագրվել մի շարք արտասահմանյան երկրներում։ Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ ռուսների և ռուսախոս քաղաքացիների նկատմամբ ագրեսիայի ակցիաները ազդում են ռուս ուսանողների, մարզիկների, մշակույթի և արվեստի գործիչների վրա: ՌԴ նախագահը հայտարարել է, որ արևմտյան ռուսատյացությունը ոչ այլ ինչ է, քան ռասիզմ։