ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին քննադատել է Փարիզում Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի ոչ կառուցողական մեկնաբանությունները Իսլամական Հանրապետության մասին։ Այս մասին գրում է Tasnim-ը։
Հինգշաբթի երեկոյան՝ փետրվարի 2-ին, Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները քննարկել են Իրանին հակազդելու միջոցները։ Մակրոնը քննադատել է միջուկային ծրագրի զարգացման հարցում Իրանի «անզուսպ շտապողականությունը»՝ նշելով, որ Իրանի միջուկային գործունեությունը «անխուսափելիորեն հետևանքներ կունենա»:
Քանանին ի պատասխան ասել է, որ Մակրոնի հանդիպումը ռեժիմի վարչապետի հետ, որն աշխարհում հայտնի է որպես կազմակերպված ահաբեկչության, բռնության, կոտորածի և Արևմտյան Ասիայում, այդ թվում ՝ Պաղեստինում կանանց ու երեխաների տեղահանման չարաբաստիկ երևույթի մարմնացում, ափսոսանքի ու դատապարտման է արժանի:
«Ֆրանսիայի նախագահը քննադատում է Իրանի խաղաղ միջուկային գործունեությունն այն ժամանակ, երբ մոռացության է տվել, որ սիոնիստական ռեժիմն ունի տասնյակ միջուկային մարտագլխիկներ, բայց չի հանդուրժում որևէ միջազգային վերահսկողություն։ Բացի այդ, ունենալով, օկուպացիայի և ռազմական ագրեսիայի «ռեկորդ», ամենալուրջ սպառնալիքն է տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության համար»,–ասել է Քանանին։
Ուստի, ըստ նրա, հարկավոր չէ կեղծ մտահոգություն հայտնել Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ, որը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։
Քանանին ֆրանսիացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել ուղղել իրենց սխալ մոտեցումը և դադարեցնել վնաս հասցնել հայ–ֆրանսիական երկկողմ կապերին: