ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովից հետո Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններն ամբողջությամբ ջնջում են այն սկզբունքները, որոնց վրա ժամանակին կառուցվել է Եվրամիությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Փետրվարի 3-ին Կիևում կայացած միջոցառումը հերթական անգամ հաստատեց, որ հանուն Ռուսաստանի թուլացման և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հեգեմոն նկրտումների սպասարկման` Եվրամիությունը շարունակում է անմնացորդ աջակցել Կիևի նեոնացիստական ռեժիմին»,-Զախարովայի խոսքերն է մեջբերվում ՌԴ ԱԳՆ կայքում:
Նա հավելել է, որ ԵՄ–ն Ուկրաինային եվրոպական հեռանկար է խոստանում՝ խախտելով թեկնածուների նկատմամբ իր պահանջները և հայտարարում «արժեքների ընդհանրության» մասին՝ այդպիսով համերաշխություն հայտնելով Ուկրաինայում այլախոհության ճնշման, խոսքի ազատության ոտնահարման, լեզվական և կրոնական իրավունքների խախտման հետ։ Միաժամանակ ԵՄ-ն գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ հաստատում է իր հանձնառությունը փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հանդեպ լիակատար հարգանքին։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ԵՄ պաշտոնյաների խաղաղության կոչերը կեղծավոր են, երբ նրանք խոսում են զենքի մատակարարման և ռազմական գործողությունների շարունակման համար գումարներ ներդնելու պատրաստակամության մասին:
«Ոչ պակաս կեղծավոր են ԵՄ-ացիների խաղաղության կոչերն այն պայմաններում, երբ նրանք հայտարարում են ռազմական գործողությունների շարունակման համար միջոցներ ներդնելու պատրաստակամության մասին «այնքան, որքան անհրաժեշտ է»։ Հակամարտության ֆինանսավորման ավելացումը, սպառազինության և տեխնիկայի նոր մատակարարումները, մարզման ճամբարների ավելացումը, Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստման ծրագրերի ընդլայնումը միասին հանգեցնում են հակամարտության զոհերի թվի ավելացմանը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,-ասել է Զախարովան։
ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը տեղի է ունեցել Կիևում փետրվարի 3–ին։ Եվրոպական ինստիտուտների ղեկավարները հանդիպման արդյունքներով Ուկրաինային խոստացել են շարունակել աջակցությունը, Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների սահմանումը, աշխատել «ագրեսիայի հանցագործության համար հետապնդման մեխանիզմի» վրա և ուսումնասիրել Ուկրաինայի վերականգնման համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը:
Ընդ որում, ԵՄ-ին Ուկրաինայի արագ անդամակցության հեռանկարների առնչությամբ ԵՄ առաջնորդները զուսպ են եղել և ընդգծել են, որ նման գործընթացի կոշտ ժամկետներ չկան, իսկ Ուկրաինան դեռ պետք է բարեփոխումներ անցկացնի: